Անսպասելի ելույթ. Ալիևը հիշեցրել է ռազմական պարտությունները․ Ինչ է կատարվել

Անսպասելի ելույթ. Ալիևը հիշեցրել է ռազմական պարտությունները․ Ինչ է կատարվել

Lragir.am-ը գրում է․

Հոր՝ Հեյդար Ալիեւի 96-ամյակի առիթով հանդիսությանն ունեցած ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը անդրադարձել է Ադրբեջանի ռազմական պարտությունների շրջանին, ընդ որում ուշագրավ համատեքստում․․․

Նա խոսել է երկրի կայունության, անսասանության մասին, հայտարարելով, թե ընդդիմությանը չի հաջողվի վտանգել կայունությունը: Այդ տիրույթում, Ալիեւը խոսել է այն մասին, թե «երկիրը 1990-ականներին փլուզման եզրին հասցրած ուժերը փորձում են ինչ-ինչ արդյունքների հասնել»․․․

Ալիեւը հայտարարել է, թե դա նրանց չի հաջողվի, քանի որ Ադրբեջանի ժողովուրդը խոհեմ է եւ թույլ չի տա, որ «ապազգային տարրեր ինչ որ բանի հասնեն»․․․

Իլհամ Ալիեւը փաստորեն հոր ծննդյան առիթով հիշատակել է Ադրբեջանի ռազմական պարտությունները, եւ խիստ խորհրդանշական է, որ դա տեղի է ունենում նաեւ արցախյան հարցում 1994 թվականի մայիսյան եռակողմ հրադադարի ստորագրման 25-ամյակի ֆոնին, որը լրանում է մայիսի 12-ին․․․

Բանն այն է, որ 1990-ականներին, ինչպես նկատում է Ալիեւը, Ադրբեջանն իսկապես փլուզման եզրին էր եւ դրանում առանցքային նշանակություն ունեին հայկական կողմի ռազմական հաղթանակները, որոնցում իհարկե շոշափելի դեր ուներ Ադրբեջանում իշխանության ներսում տարբեր թեւերի միջեւ սուր եւ թեժ պայքարն ու միմյանց դեմ գործողությունները․․․

Դրանք ինքնին չէին կարող փլուզել Ադրբեջանը, բայց իհարկե ստեղծել էին միջավայր, երբ հայկական ուժերը կարող էին օգտվելով դրանից ռազմական գործողությունների ընթացքն ու բնույթը մոտեցնել ընդհուպ Ադրբեջանի փլուզման․․․

Հարցն անշուշտ զուտ հայկական ուժերի միջոցով դա անելը չէր, այլ իքս պահին Ադրբեջանում ազգային այլ փոքրամասնությունների «արթնանալը», ինչն այդ երկրի մասնատումը՝ ընդ որում ոչ առանց ուժային տարբեր կենտրոնների աջակցության, դարձնելու էր անխուսափելի․․․

Բայց գլխավոր հարվածն անկասկած հասցնելու էին հայկական ուժերը․․․

Ալիեւը փաստացի խոսել է հենց այդ մասին, թափանցիկ ակնարկելով, որ հայրն Ադրբեջանը փրկել է ոչնչացումից, եւ դա թերեւս ամենեւին չափազանցություն չէ․․․

Ակնառու է, որ դրանով Ալիեւը ներկայումս իրեն է մատուցում իբրեւ փրկիչ: Այդ մոտեցումը անշուշտ բնորոշ է ամբողջատիրական կամ ավտորիտար համակարգով երկրների առաջնորդներին, հարցը սակայն տվյալ դեպքում դա չէ, այլ ինքնին հռետորաբանությունը, որը կարծես թե հակոտնյա է այն «հաղթական» ռազմատենչությանը, որով վերջին տարիներին հանրությանը ներկայանում է Ադրբեջանի նախագահը․․․

Դա չի նշանակում, որ նա այլեւս չի կիրառելու այդ հռետորաբանությունը, սակայն զուգահեռ հատկանշական է, որ կիրառվում է նաեւ մյուսը՝ ռազմական պարտությունների եւ պետության փլուզման տրամաբանությունը եւ կամա թե ակամա հենց ստատուս-քվոն դիտարկելով Ադրբեջանի կայունության եւ լինելիության շրջանակ․․․

Այդ հանգամանքն առավել եւս ուշագրավ է նրանով, որ 2017 թվականի վերջին Ադրբեջանի նախագահը կայացրեց անսպասելի որոշում՝ 2018-ի հոկտեմբերին նախատեսված նախագահի հերթական ընտրությունը տեղափոխելով վեց ամիս առաջ՝ 2018-ի ապրիլ․․․

Թե ինչի՞ց էր ուզում պաշտպանվել Ալիեւը, կամ ինչի՞ն էր պատրաստվում, եւ արդյո՞ք նրա այդ քայլը պայմանավորված էր Հայաստանում տեղի ունեցող փոփոխությամբ՝ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետ եւ անցում խորհրդարանական կառավարման, բավականին բարդ է ասել. այստեղ հնարավոր է անել միայն ենթադրություններ․․․

Սակայն հատկանշական է, որ առաջ բերելով նախագահի ընտրությունը, Ալիեւին ոչ միայն չի հաջողվել հանել կայունության հարցը ներքին օրակարգից, այլ հակառակը՝ այն կարծես թե ավելի է սրվել, եթե հարկ է հոր ծննդյան առիթով բավականին նուրբ շեշտադրումներով փորձել հենց դա դնել ադրբեջանական հանրության ընկալումների հիմքում, ոչ թե «հաղթանակը»․․․

Իսկ այստեղ առանցքային դեր անկասկած ունեցել է նաեւ այն, որ Ալիեւը առաջ տալով նախագահի ընտրությունը, այդուհանդեձ չկարողացավ անցնել ժամանակից առաջ․․․

Հայաստանը թավշյա հեղափոխությամբ նրան հետ թողեց ակնհայտորեն: Եվ ոչ միայն հեղափոխության փաստով ինքնին, այլ դրա ֆորմալացումից անմիջապես հետո՝ հաջորդ օրն իսկ Արցախի հարցում առանցքային փաստարկներ բերելով դաշտ եւ անցնող տարվա ընթացքում փորձելով ամրացնել դրանք․․․

Ընդ որում, ամրացնել մտրակի եւ կարկանդակի սկզբունքով, մի կողմից շոյելով Ալիեւին, մյուս կողմից նրան դնելով օրակարգային նոր խնդիրների առաջ, որոնք պատասխան են ենթադրում ոչ միայն հայկական կողմի հարցադրումներին, այլ նաեւ ադրբեջանական հանրությունում դրանց արդյունքում առաջացող հարցերին․․․

Պատասխան չկա, Ալիեւին մնում է ադրբեջանական հանրությանը հիշեցնել ռազմական պարտությունները․․․

Закрыть меню