Երեք նախագահները կհանդիպեն դատարանում. Ուշագրավ իրավիճակ

Երեք նախագահները կհանդիպեն դատարանում. Ուշագրավ իրավիճակ

Սեպտեմբերի 12-ին Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի և նախկինում այլ երեք բարձրաստիճան պաշտոնյաներ Օհանյանի, Խաչատուրովի և Գևորգյանի դատավարությունը՝ մարտիմեկյան գործով:

Ինչ ընթացք կունենա դատավարությունը ներսում և դրսում, ցույց կտա բնականաբար ժամանակը: Բանն այն է, որ ներսում գործընթացին զուգահեռ, դատարանից դուրս առկա է որոշակի հանրային գործընթաց, և Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն ու նրան ազատազրկել պահանջողները ակցիաներ են իրականացնում:

Մեկնարկած դատավարությունը, սակայն, ներսի և դրսի գործընթացներին զուգահեռ, ունի թերևս նաև, այսպես ասած, խորքի կամ խորքային գործընթաց: Խոսքն այն մասին է, որ դատական այս գործը ներգրավված մասնակիցների թե՛ կալիբրով, թե՛ քանակով աննախադեպ է: Այստեղ աներկբա է, որ ներգրավված են լինելու մարտիմեկյան զարգացումներում իշխանության և ընդդիմության բարձր դերակատարները, այդ թվում՝ երեք նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը՝ որն արդեն իսկ մեղադրյալի կարգավիճակում է, և Սերժ Սարգսյանը:

արգավիճակները կլինեն տարբեր, սակայն այս պարագայում էական է թերևս այն, որ նախկին երեք նախագահները, այսպես ասած, մեկտեղ լինելու են դատարանում: Կլինեն միաժամանակ նույն դրվագում, թե ոչ, սա, իհարկե, կախված է դատավարության ընթացքից, սակայն արդեն իսկ այն, որ երեք նախագահները կհանդիպեն դատարանում, միաժամանակ երեքով նույն տեղում կամ նույն շրջանակում են այս աղմկոտ գործի համատեքստում, արդեն իսկ չափազանց խորհրդանշական է հայկական պետականության հետանկախական շրջանի զարգացման տեսանկյունից:

Այդ ընթացքում բազմաթիվ առիթներով հանրությունը շատ է քննարկել Հայաստանի երեք նախագահների այս կամ այն առիթով պետական նշանակության միջոցառումներին համատեղ մասնակցության հարցը՝ կապելով այն պետականության ավանդույթների ձևավորման կարևոր խնդրի հետ: Եվ այս խոսակցությունները հասկանալիորեն հանգել են քաղաքական իրողությունների բերումով առկա ներքին բաժանարար գծերին, բացառելով, որ երեք նախագահները կարող էին լինել մեկ միջոցառման մասնակից:

Ահա այս իմաստով, տվյալ դրվագը գործնականում չափազանց նուրբ և ցցուն կերպով դրսևորում է անկախությունից հետո մեր պետականության ընթացքի պերճանքն ու թշվառությունը, երբ այդ ընթացքը ունեցել է մի այնպիսի բնույթ, որ երեք նախագահները, այսպես ասած, հաջորդել և, խոշոր հաշվով, բխել են միմյանցից, և միաժամանակ միմյանցից բխելով՝ ստեղծել են մի վիճակ, որ բացառվել է համատեղ մասնակցությունը պետական և հանրային նշանակության միջոցառումներին:

Ու միակ տեղը, որ նրանք կլինեն համատեղ, փաստորեն դատարանն է՝ մարտիմեկյան ողբերգական գործով: Սա, անշուշտ, հավասարության նշանի խնդիր չէ, այլ մեկ ամբողջական, փոխկապակցված քաղաքական համակարգի գնահատականի հարց: Ով կմնա, և ով դուրս կգա՝ թաց, թե չոր, մեծ հաշվով, այսպես ասած՝ «տակտիկական» հարցն է: Դուրս կգա՞ Հայաստանի հանրային-քաղաքական կյանքը երեք նախագահների եռանկյունուց: Դա է ներկայումս Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի խորքային հարցը, որոնց պատասխաններից է կախված Հայաստանի քաղաքական արդիականացման հեռանկարի ուրվագծումը:

Закрыть меню