Լարված վիճակ իրան-ադրբեջանական սահմանին. Թեհրանի կոշտ պատասխանը — MediaInfo.am
Լարված վիճակ իրան-ադրբեջանական սահմանին. Թեհրանի կոշտ պատասխանը

Լարված վիճակ իրան-ադրբեջանական սահմանին. Թեհրանի կոշտ պատասխանը

Lragir.am-ը գրում է․

Մի քանի օր է բավական լարված է իրավիճակը Իրանի եւ Ադրբեջանի սահմանին: Ադրբեջանական լրատվամիջոցները վերջին երկու օրերին արդեն երկրորդ տեղեկությունն են տարածում սահմանային միջադեպերի վերաբերյալ, որոնց ընթացքում կան նաեւ զոհեր․․․

Մարտի 10-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին Հորադիզի հատվածում սահմանախախտման դեպքի մասին, որի հետեւանքով եղել է փոխհրաձգություն եւ զոհվել է մեկ ադրբեջանցի սահմանապահ եւ մեկ սահմանախախտ․․․

Երկու օր անց՝ մարտի 12-ին Ադրբեջանը հայտնում է սահմանախախտման նոր դեպքի մասին, որի հետեւանքով դարձյալ եղել է փոխհրաձգություն: Այս անգամ սպանվել է սահմանախախտ․․․

Ըստ տեղեկության, 6 հոգանոց խումբը փորձել է Իրանից անցնել Ադրբեջան, ունենալով մեծ քանակությամբ թմրանյութ եւ հոգեմետ դեղեր, նաեւ զենքեր․․․

Հատկանշական է, որ սահմանախախտման այդ փորձը տեղի է ունեցել Յարդիմլի շրջանում, որը գտնվում է թալիշական ինքնավարության տարածքում․․․

Կա՞ արդյոք այդ ամենում, ընդհանրապես վերջին օրերի ադրբեջանա-իրանական սահմանի այդ միջադեպերում քաղաքական տողատակ: Իհարկե, բավականին բարդ է ասել, սակայն միջադեպերը տեղի են ունենում մի քանի էական գործոնների ֆոնին․․․

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թեհրան այցից եւ այնտեղ հնչած հայտարարություններից հետո բողոքի ակցիա էին իրականացրել այսպես ասած իրանական ադրբեջանցիները, այրել Հայաստանի դրոշ: Եղել է մոտ 30 ձերբակալված: Կարո՞ղ էր պաշտոնական Թեհրանը այդ հանգամանքի հետեւում տեսնել Բաքվի որեւէ թել․․․

Համենայն դեպս, դրանից հետո հայտարարվեց Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի Թեհրան այցի մասին, որտեղ, ինչպես հայտնի դարձավ հետո, Իրանի նախագահի կայքում նրան ներկայացրել էին որպես Ադրբեջանի դեսպան․․․

Միաժամանակ, երբ Թեհրանում էր Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի կալանատնից առեւանգվել եւ Բաքու է տեղափոխվել թալիշ առաջնորդ Ֆահրադդին Աբոսզոդան․․․

Հետո հայտնի դարձավ, որ Մոսկվան կայացրել է նրան արտահանձնելու որոշում: Դա գործնականում հարված էր նաեւ Թեհրանին, հաշվի առնելով թալիշների կապն այդ երկրի հետ․․․

Իրան-ադրբեջանական այդ իրողություններն անշուշտ առավել լայն խնդրի դրվագ են: Չնայած Իրանի ու Ադրբեջանի միջեւ սերտ տնտեսական գործակցությանը, անկասկած է, որ Թեհրանի մոտ Բաքվի հանդեպ առկա է ռազմավարական գործնականում անհաղթահարելի անվստահություն․․․

Այդ համատեքստում Թեհրանը վարում է կարկանդակի եւ մտրակի քաղաքականություն, Բաքվին հասկացնելով, որ Իրանի հյուսիսային սահմանին վտանգներ չառաջացնելու դեպքում Ադրբեջանը կվայելի Թեհրանի բարեհաճությունը, իսկ հակառակ դեպքում՝ Բաքուն կարող է կանգնել շատ լուրջ խնդիրների առաջ․․․

Ներկայիս իրավիճակը հետաքրքիր է նաեւ Բաքվի սկսած լայնամասշտաբ զորավարժության ֆոնին, որը թեեւ կապվում է Փաշինյան-Ալիեւ առաջիկա հնարավոր հանդիպման, արցախյան հարցի հետ, այդուհանդերձ Թեհրանի համար մտահոգություններն այստեղ ոչ միայն քիչ չեն,

այլ գործնականում Իրանի համար աներկբա է, որ Բաքվի սպառազինական կծիկը Իրանի հյուսիսում «պատից կախված» մի հրացան է, որը կարող է որեւէ պահի կրակել նաեւ Իրանի ուղղությամբ, ընդ որում հայտնի չէ, թե ում ձեռքով՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Իսրայելի, թե Արեւմուտքի․․․

Այդ ռազմավարական խնդիրների եւ մտահոգությունների ֆոնին Ադրբեջանը այսպես ասած «կետային» խնդիրներ է ստանում Իրանի հետ սահմանին․․․

Այս անգամ Մինգեչաուրի ՀԷԿ-ը ոչ ոք չի անջատում, ինչը տեղի ունեցավ 2018-ի ամռանը, երբ Բաքուն դարձյալ խոշոր զորավարժություն էր անում, սակայն դա խափանվեց եւ Ադրբեջանի կեսը, ներառյալ մայւրաքաղաքը առանց հոսանքի մնաց․․․

Ի դեպ, նույն օրերին անհանգիստ էր երկրորդ քաղաք Գյանջայում, որտեղ եղավ մահափորձ քաղաքապետի դեմ: Բաքուն բավականին թափանցիկ ակնարկեց, որ այդ ամենի հետեւում իսլամական ծայրահեղականներ էին, որոնք հովանավորվում էին Իրանից․․․

Այս անգամ Բաքուն զգուշացվում է ոչ թե Մինգեչաուրից, այլ սահմանից, թերեւս նաեւ ցույց տալու համար այն բազմազանությունը, որ կարող է լինել թիրախային առումով․․․

Закрыть меню