Հովիկ Աբրահամյանի անսպասելի հայտարարությունը. Ինչ է կատարվել — MediaInfo.am
Հովիկ Աբրահամյանի անսպասելի հայտարարությունը. Ինչ է կատարվել

Հովիկ Աբրահամյանի անսպասելի հայտարարությունը. Ինչ է կատարվել

Lragir.am-ը գրում է․

Մայիսի 15-ին նշվող Ընտանիքի օրվա կապակցությամբ ֆեյսբուքյան գրառում է արել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, խոսելով ընտանիքի կարեւորության, դրանում միասնականության, միմյանց թեւ թիկունք լինելու մասին․․․

Հովիկ Աբրահամյանը լուռ էր ամիսներ շարունակ: Լռության խախտումը հետաքրքիր է օրվա խորհրդանշականության եւ նրա գրառման, կամ նրա անունից նուրբ տողատակերի ֆոնին․․․

Խոսելով ընտանիքի կարեւորության, միասնականության մասին, նախկին վարչապետը այդ շրջանակում անում է հայտարարություններ, որոնք բավական թափանցիկ են քաղաքական տողատակի առումով․․․

«Փորձությունները ժամանակավոր ու անցողիկ են, գլխավորը դրանք արժանապատիվ հաղթահարելու կարողությունն է: Նույնիսկ առերևույթ անլուծելի թվացող իրավիճակները հեշտ հաղթահարելի են, երբ մարդն իր թիկունքում ունի ընտանիքի սերն ու մտերիմների աջակցությունը․․․

Դա ուժ է, որի դեմ անկարող է ցանկացած հողմ: Ցավոք, այսօր տեսնում ենք նաև այնպիսի երևույթների անթաքույց քարոզ, որոնք հակասության մեջ են մեր հավաքական պատկերացումների հետ և բացասական ազդեցություն են ունենում հասարակության կարևորագույն բջիջի՝ ընտանիքի կայացման գործում․․․

Փոքր ազգերի համար սա ծանր հետևանքեր ենթադրող խնդիր է: Մեր երկիրն այսօր կանգնած է ժողովրդագրական մարտահրավերի առջև, որի հաղթահարման ամենագործուն միջոցը, իմ խորին համոզմամբ, ամուր և լիարժեք ընտանիքի գաղափարի փառաբանումն է․․․

Սեր և ներդաշնակություն եմ մաղթում ձեր ընտանիքներին, խաղաղություն Հայաստանին և Արցախին», հայտարարում է Հովիկ Աբրահամյանը․․․

Աբրահամյանը խոսում է Ընտանիքի օրվա առիթով, բաց թողնելով օրինակ Հաղթանակի օրվա առիթը․․․

Սակայն, Ընտանիքի օրվա առիթով նրա խոսքը պայմանավորված է թերեւս Հաղթանակի օրվա առիթով ծավալված ներքին բավականին հետաքրքիր եւ դինամիկ զարգացումներով, որոնց մասին հանգամանալից խոսել եմ Անցումային արդարադատություն. ինչ կատարվեց Արցախում հոդվածում․․․

Նախկին վարչապետն ըստ ամենայնի արձանագրել է, որ Հաղթանակի օրվա առիթով գեներացվեց նոր իշխանության եւ նախկին համակարգի որոշակիորեն ուղիղ, մասնակիորեն միջնորդավորված մի երկխոսություն հարցերի բավական լայն շրջանակով․․․

Հովիկ Աբրահամյանն ըստ երեւույթին տեսել է այդ համատեքստում իր մասին հիշեցնելու անհրաժեշտություն եւ ընտրել հենց Ընտանիքի օրվա առիթը, հիշեցնելով նախկին համակարգին, որ ինքն էլ «ընտանիքի անդամ» է, չմոռանան իրեն․․․

Միաժամանակ, Աբրահամյանը գուցե խորհրդանշականորեն հիշեցնում է, որ «ընտանիքի» խնդիրները սկսվեցին, երբ դադարեց «միասնականությունը»․․․

Իր այդ մոտեցումը Հովիկ Աբրահամյանը 2016-ին վարչապետի պաշտոնը թողնելիս արտահայտում էր այլ խորհրդանշականությամբ՝ «մայր գետն աղտոտող կեղտաջրերի» եւ մայր գետից պոկված «վտակների» մասին Սերժ Սարգսյանի հետ հեռակա բանավեճով․․․

Ընտանիքի օրը սակայն Աբրահամյանի քաղաքական հետագծում ունի նաեւ մեկ այլ խորհրդանշականություն: Ի վերջո, ընտանեկան «օրինաչափություններից» է նաեւ ժառանգականությունը, որի տրամաբանության մեջ Հովիկ Աբրահամյանն ակնկալում էր չորրորդ նախագահի կարգավիճակը,

որին գնում էր երկու տասնամյակից ավելի տքնաջան աշխատանքով՝ իհարկե Հայաստանում իշխող համակարգի տրամաբանության շրջանակում․․․

Նա թերեւս հիշեցնում է, որ, եթե Սերժ Սարգսյանը չխախտեր «ընտանեկան օրինաչափությունը», ներկայում հարկ չէր լինի անցնել «փորձությունների» միջով: Բայց, միաժամանակ ակնարկում՝ եղածը եղած է տրամաբանությամբ, որ հանկարծ չանցնեն առանց իրեն․․․

Ի դեպ, մամուլում եղել են հրապարակումներ, որ իրավապահները մի շարք գործեր են ուսումնասիրում, որոնք կարող են առնչություն ունենալ Հովիկ Աբրահամյանի հետ․․․

Միեւնույն ժամանակ, առկա իրավիճակի համատեքստում նախկին վարչապետի եւ նախկին ՀՀԿ-ականի ամիսների լռությունից հետո արված գրառումը հետաքրքիր է նաեւ օրերս Ռոբերտ Քոչարյանի արած հայտարարության ֆոնին, որ կստեղծվի հզոր ուժ,

որը մարտահրավեր կնետի նոր իշխանությանը: Խոսելով հուսալի թիկունքի մասին, արդյոք Հովիկ Աբրահամյանն ակնարկում է երկրորդ նախագահին, որ նա կարող է այդ հարցում հույս դնել իր վրա․․․

Закрыть меню