Հրաժարում Մադրիդյան սկզբունքներից. Հայաստանը հայտարարում է նոր իրավիճակի ու շրջափուլի մասին — MediaInfo.am
Հրաժարում Մադրիդյան սկզբունքներից. Հայաստանը հայտարարում է նոր իրավիճակի ու շրջափուլի մասին

Հրաժարում Մադրիդյան սկզբունքներից. Հայաստանը հայտարարում է նոր իրավիճակի ու շրջափուլի մասին

Lragir.am-ը գրում է․

Հայաստանի կառավարությունն ընդունու՞մ է Մինսկի խմբի համանախագահների առաջ քաշած երեք կետերն ու վեց տարրերը, որպես բանակցության հիմք․․․

Այդ հարցը Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների ստեփանակերտյան աննախադեպ նիստում իր ելույթում հնչեցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը․․․

Նա իր բարձրաձայնած հարցին փաստացի պատասխանել է հարցով՝ իսկ ի՞նչ են նշանակում այդ սկզբունքները եւ ու՞մն է դրանք մեկնաբանելու իրավունքը: Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանն ունի իր մեկնաբանությունը, որը մերժելի է հայկական կողմի համար․․․

Ըստ նրա, հայկական կողմն էլ իր մեկնաբանությունն ունի, բայց դա չի անում, քանի որ ունի ոչ թե լեզվակռվի, այլ առարկայական խոսակցության նպատակ․․․

Փաշինյանն ըստ այդմ հայտարարում է, որ առաջիկա բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի երեք կետերի եւ վեց տարրերի հստակեցումը, որպեսզի դրանք չտան որեւէ տարընթերցման եւ տարբեր մեկնաբանության տեղիք․․․

Փաստացի, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ հայկական կողմը հրաժարվում է մադրիդյան այն սկզբունքներից, որ ներկայում համարվում է բանակցության հիմք եւ որոնք ընդունվել են այդպիսին 2007 թվականին, այդ թվում ընդունել է Հայաստանի այն ժամանակի իշխանությունը․․․

Հայաստանի նոր իշխանությունը փաստորեն հայտարարում է, որ դրանք չի դիտարկում բանակցության հիմք, եւ պատրաստակամություն է հայտնում ներկայում բանակցել նոր հիմնարար սկզբունքների շուրջ, ավելի հստակ, աներկբա, տարբեր մեկնաբանությունների առիթ չտվող․․․

Երեւանը, Արցախի բանակցային կողմ լինելու դիրքորոշմանը զուգահեռ՝ որ Հայաստանի վարչապետը վերհաստատել եւ փաստարկել է իր նույն ելույթում, փաստորեն առաջ է քաշում նոր բանակցային սկզբունքների հարցը,

այդպիսով «մադրիդյան սկզբունքները» ազդարարելով սպառված եւ առնվազն այս տեսքով հայկական շահերին ու անվտանգությանը, միաժամանակ նաեւ խաղաղության շուրջ բանակցության անհրաժեշտությանն ու տրամաբանությանը չհամապատասխանող…

Ընդ որում, այստեղ փաստարկները լոկ Հայաստանի վարչապետի ելույթում չեն, այլ դեռեւս երեք տարի առաջ եղած իրավիճակում, որը այդ սկզբունքների «հիմքով» հանգեցրել է նոր պատերազմի…

Առերեւույթ թվում է, թե Երեւանը հրաժարվելով այդ սկզբունքների շուրջ բանակցությունից, գործնականում ստեղծում է պատային վիճակ, ըստ այդմ խթանում պատերազմ: Իրականում, հաշվի առնելով նաեւ հենց նախորդ՝ ապրիլյան ցավալի ու ողբերգական գագաթնակետով փորձը, Երեւանը ուղղակի հայտարարում է, որ չի գնա նոր պատերազմի տանող արդեն տրորված ճանապարհով…

Հայաստանի եւ Արցախի ԱԽ համատեղ նիստում Երեւանը փաստացի հայտարարում է արցախյան հարցի նոր շրջափուլի մասին, ինչը հաջորդում է Մինսկի խմբի համանախագահների մարտի 9-ի հայտարարությանը…

Այդ առիթով Մինսկի խումբը պարտավորեցրել է Երեւանին. նոր արբիտրաժ հոդվածում մեկնաբանել էի, որ Մինսկի խմբի հայտարարությունը գործնականում արձանագրում է մինչ այժմ եղած բանակցային բովանդակությունն ու կարգավորման գործընթացի իրողությունները,

տողատակում ակնարկելով, որ կողմերից յուրաքանչյուրն ինքն է իր քաղաքականության, պետական ռազմավարության ու մարտավարության շրջանակում որոշում, թե ինչ օրակարգով եւ նպատակադրումներով պետք է լինի այդ գործընթացի մասնակից…

Բաքվի խնդիրն այդ առումով նկատելի է եւ տարիների շարքում պարզ: Ադրբեջանը փորձում է եղած բովանդակությունը համադրել իր ռազմավարությանն ու իրական քաղաքականությանը: Դա ստացվեց նախորդ փուլում, մինչեւ 2016-ի ապրիլ…

Ֆալստարտը՝ որի մասին հնարավոր է խոսել որոշակի հանգամանքներից ելնելով, ու հայկական բանակի դիմադրությունը բերեցին Բաքվի քաղաքական ֆիասկոյին: Հայաստանը սակայն չկարողացավ լիարժեք օգտվել դրանից, լեգիտիմ իշխանության եւ ինքնիշխանության անհրաժեշտ ներուժի բացակայության պատճառով…

Մինչդեռ, ադրբեջանական ֆալստարտը, եւ գլխավորապես հայկական բանակի դիմադրությունը Հայաստանին էր տվել բովանդակային խութերից դուրս գալու անհրաժեշտությունը սպասարկելու հնարավորություն…

Գործնականում, Մինսկի խմբի հայտարարությունը տողատակում այդ թեմայով խոսակցության փորձ էր Հայաստանի հետ, երկխոսության առաջարկ, որին էլ Երեւանը արձագանքեց իր առաջարկներով, Ստեփանակերտում Հայաստան-Արցախ ձեւաչափով վարելով երկխոսությունը համանախագահների հետ եւ գծելով այն օրակարգը, որի շուրջ Երեւանը պատրաստվում է աշխատել Մինսկի խմբի համանախագահ կենտրոնների, նաեւ Արցախի հարցում այլ շահառու կենտրոնների հետ…

Եթե Բաքուն պատրաստ է՝ նաեւ Բաքվի հետ: Ընդ որում, ինչպես Արցախի նախագահ Բակո Սահակյանն էր հայտարարել, խոսքը համազգային օրակարգի մասին է, կամ այլ կերպ ասած՝ վարչապետի ելույթում ազդարարված օրակարգի սպասարկմանը ներգրավվում է համահայկական ռեսուրսը…

Դա փաստացի նոր իրավիճակի մասին հայտարարություն է, որն անշուշտ անհրաժեշտ է դարձնում պատրաստ լինել ամենատարբեր արձագանքների, դրանցից բխող ամենատարբեր սցենարների: Միեւնույն ժամանակ, ամենեւին այնպես չէ, որ այդ հայտարարությունները չլինելու դեպքում սցենարային ամենատարբեր ռիսկերը եւս չկային…

Ավելին, ներկայումս բարձրաձայնվող օրակարգն ունի եղած ռիսկերը չեզոքացնելու եւ քաղաքական ճանապարհով կանխարգելելու շոշափելի ներուժ, որն օգտագործելուն հետեւողական ձեռնամուխ է եղել հայկական կողմը…

Закрыть меню