Մարտիմեկյան գործի գորշ կարդինա՞լ. Գեներալի ուշագրավ ցուցմունքը — MediaInfo.am
Մարտիմեկյան գործի գորշ կարդինա՞լ. Գեներալի ուշագրավ ցուցմունքը

Մարտիմեկյան գործի գորշ կարդինա՞լ. Գեներալի ուշագրավ ցուցմունքը

Lragir.am-ը գրում է․

2008 թվականի փետրվարի 23-ի հայտնի խորհրդակցությանը Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին մեղադրել են իրավիճակին չտիրապետելու համար, երբ նա ասել է, թե չգիտե՝ որտեղ է իր տեղակալ Մանվել Գրիգորյանը․․․

Այդ մասին մարտիմեկյան գործի իր ցուցմունքում հայտնել է Հայաստանի զինուժի հետախուզության նախկին ղեկավար Արշակ Կարապետյանը․․․

Արշակ Կարապետյանը այդ ժամանակ եղել է 0038 գաղտնի հրամանով Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովին կից ստեղծված վարչակազմի անդամներից՝ վարչակազմի պետի ՝ հատուկ հանձնարարությունների գծով տեղակալը․․․

Արշակ Կարապետյանը ներկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է: Մինչ այդ, Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո նա ազատվել էր բանակի հետախուզության ղեկավարի պաշտոնից, իսկ մի քանի ամիս անց Սերժ Սարգսյանի հրամանով նշանակվել Մոսկվայում Հայաստանի դեսպանատան կցորդ․․․

Ապրիլյան քառօրյայի վերաբերյալ կար հանրային տարածված կարիք, որ ադրբեջանական գրոհի անսպասելիությունը եղել է հետախուզության թերացման հետեւանք: Կարծես թե այդ կարծիքը հաստատում էր նաեւ Կարապետյանին պաշտոնից հեռացնելու Սերժ Սարգսյանի որոշումը․․․

Սակայն Արշակ Կարապետյանին Մոսկվայից Երեւան վերադարձնելով եւ նշանակելով վարչապետի խորհրդական, Նիկոլ Փաշինյանն այդ հանգամանքի վերաբերյալ հարցադրումներին ի պատասխան հայտարարեց,

որ ապրիլյան պատերազմի մասին հարյուրավոր գաղտնի էջեր նյութեր է կարդացել, եւ դրանցում որեւէ փաստ չկա հետախուզական տվյալի բացակայության, հետախուզության վատ աշխատանքի մասին․․․

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը համարում է, որ Կարապետյանի ցուցմունքի հիման վրա է մեղադրանք առաջադրված երկրորդ նախագահին․․․

Կարապետյանի ամբողջական ցուցմունքը հայտնի չէ, բայց հրապարակվել է դրվագը հայտնի խորհրդակցության մասին: Դրվագն ուշագրավ է, թեեւ կարծես թե առանձնապես մեծ նորություն կամ անակնկալ չպարունակող․․․

Այդուհանդերձ, հարցեր առաջանում են, եւ թերեւս դրանք է, որ Հայաստանի հանրությանը պետք է տան տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները ամբողջ համատեքստով հասկանալու հնարավորություն, ինչը հույժ կարեւոր է Հայաստանի անվտանգության եւ ինքնիշխանության հեռանկարի համար․․․

Մասնավորապես, իսկապե՞ս պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը չէր տիրապետում իրավիճակին, թե՞ Հարությունյանը իրավիճակին տիրապետում էր, բայց այլ իրավիճակի․․․

Մայիսի 14-ի դատական նիստում Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ տասը սպանված անձանցից առնվազն յոթին սպանել են անհայտ անձինք․․․

Երկրորդ նախագահը փաստացի կրկնել է դեռեւս 2011-ին Լեւոն-Տեր-Պետրոսյան –Սերժ Սարգսյան երկխոսության օրերին իր հարցազրույցներից մեկում ասված միտքը, թե սպանությունները տեղի են ունեցել այն հատվածներում, որոնք չէին վերահսկում թե ընդդիմությունը, թե իշխանությունը: Իսկ կա՞ր «երրորդ վերահսկողություն»․․․

Ռոբերտ Քոչարյանն այդ մասին ինչ որ բա՞ն գիտե, ո՞վ էր տիրապետում իրավիճակին այդ հատվածներում, կամ ո՞վ չէր տիրապետում: Թե դա Քոչարյանի ընդամենը պաշտպանական հնարք է․․․

Միաժամանակ, պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի առումով, օրինակ, շատ հետաքրքիր է ամիսներ առաջ Ազատությանը տված հարցազրույցում այդ օրերին պաշտպանության նախարարի մյուս «ապստամբ» տեղակալի՝ Գագիկ Մելքոնյանի հարցազրույցը,

որտեղ նա խոսում է այն մասին, որ Միքայել Հարությունյանին դիմում էին Սերժ Սարգսյանի եւ Տեր-Պետրոսյանի հանդիպում միջնորդելու համար, բայց հանդիպում չստացվեց․․․

Չստացվեց, որովհետեւ Հարությունյանը անզո՞ր էր ազդել Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի վրա, թե՞ նա կարող էր իր ուրույն դերն ունենալ «չստացվելու» հարցում․․․

Այդ ամենը հատկապես ուշագրավ լույսի ներքո հայտնվեց այն բանից հետո, երբ պարզվեց, որ Միքայել Հարությունյանը ոչ միայն պատսպարվում է ՌԴ-ում, այլ ՌԴ քաղաքացիություն է ունեցել դեռեւս Հայաստանի ԶՈՒ-ում բարձրաստիճան պաշտոնի եղած ժամանակ, կարծես թե 2002 թվականից․․․

Եվ այդպես էլ նա նշանակվել է պաշտպանության նախարար: Ի դեպ, այդ առիթով լրագրողների հարցին ի պատասխան, Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ամիսներ առաջ ասել էր, թե նրան նախարար նշանակելիս Ռոբերտ Քոչարյանն անձամբ չէր կարող տեղյակ լինել ՌԴ քաղաքացիության մասին․․․

Իսկ ո՞վ կարող էր տեղյակ լինել, որ այդ մասին տեղյակ չէր պահել նախագահին, այդպիսով փաստորեն Միքայել Հարությունյանին նախարար նշանակելով օրենքի խախտումով․․․

Նրան նախարար նշանակեցին այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը թողեց պաշտոնը եւ դարձավ վարչապետ, Անդրանիկ Մարգարյանի մահվանից հետո, 2007 թվականի խորհրդարանի ընտրությանն ընդառաջ: Մինչ այդ Միքայել Հարությունյանը ԶՈՒ գլխավոր շտաբի պետն էր․․․

Հարությունյանը ներկայում Ռուսաստանում է, որտեղ իրավապահները չեղյալ հայտարարեցին նրա հանդեպ Հայաստանի հայտարարած հետախուզումը, այն հիմքով, որ նա ՌԴ քաղաքացի է․․․

Ի՞նչ գիտե Միքայել Հարությունյանը մարտիմեկյան իրադարձությունների մասին, 0038 հրամանին առնչվող իրողություններից բացի: Ի դեմս նրա գործ ունենք մարտիմեկյան գործի «գորշ կարդինալի» կամ «մութ ձիուկի՞», թե պարզապես հեռանալ հասցրած գեներալ ծերուկի հետ․․․

Закрыть меню