Ով կհայտարարի առաջինը. Դավադրությու՞ն վարչապետի դեմ — MediaInfo.am
Ով կհայտարարի առաջինը. Դավադրությու՞ն վարչապետի դեմ

Ով կհայտարարի առաջինը. Դավադրությու՞ն վարչապետի դեմ

Lragir.am-ը գրում է․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ կան ուժեր, որոնք պատրաստ են իրենց խմբային շահերի համար նպաստել դավադիր պատերազմի բռնկմանը եւ հնարավոր անհաջողության համար մեղադրելով իշխանությանը` հասնել դրա հեռացմանը, արժանացել է ամենատարբեր գնահատականների ու մեկնաբանությունների․․․

Դրա մի կողմում էլ կան այնպիսիք, որոնց հեղինակների կարծիքով՝ վարչապետը այդ հայտարարությամբ փորձում է իր վրայից հեռացնել հնարավոր պատերազմի եւ հնարավոր կորուստների պատասխանատվությունը, այն նախկին իշխանության ուժերի վրա դնելու համար․․․

Քաղաքականության մեջ սցենարներն ու վարկածները անշուշտ կարող են լինել բազմազան, առավել եւս, երբ դրանք առնչվում են հնարավոր պատերազմների․․․

Իսկ պատերազմները գործնականում գրեթե մշտապես ծառայում են զանազան քաղաքական նպատակների եւ հարցերի լուծման, կամ այլ կերպ ասած՝ քաղաքականության կոշտ ու դաժան գործիքակազմից են․․․

Հայաստանի ներքաղաքական պատմության ընթացքում պատերազմի հանգամանքը մշտապես եղել է ներքին շահարկումների առարկա․․․

Նախորդ իշխող համակարգը հանրությանը մշտապես ահաբեկել է, երբ բարձրացել է բողոքի որեւէ ալիք, թե այն կարող է հանգեցնել հակառակորդի ջրաղացին ջուր լցնելու եւ պատերազմի․․․

Ընդ որում, գրեթե նույն փորձերը արվում էին նաեւ ապրիլյան թավշյա հեղափոխության ընթացքում, տեղեկատվական հարթությունում մատուցելով այդ բնույթի սպառնալից տեղեկություններ․․․

Հայաստանն ունի հակառակորդ, որը մշտապես պատրաստվում է պատերազմի: Հայաստանը մշտապես պետք է պատրաստվի այդ հակառակորդին դիմագրավելու, որպեսզի զսպած պահի պատերազմի վտանգը,

ու այն, որ Հայաստանը պետք է նույնիսկ լինի մեկ քայլ առաջ եւ մեկ աստիճան ավելի պատրաստ, քան հակառակորդի ագրեսիայի հնարավոր աստիճանը, աներկբա է․․․

Նույնպես անվիճարկելի է, որ այդ խնդիրներն ու անելիքները երբեք չպետք է ստորադասվեն ներքաղաքական որեւէ խնդրի կամ նպատակի, ընդհուպ ամենաբարի նպատակների, որովհետեւ երբեք բարի չեն լինում հակառակորդի նպատակները․․․

Այդ ամենով հանդերձ, ո՞րն է վարչապետ Փաշինյանի նպատակը, երբ նա հրապարակային ելույթում գործնականում բավական բաց տեքստով ահազանգում է, որ կան խմբեր, որոնք պատրաստ են հանուն խմբային շահի անել պատերազմ հրահրելու համար իրենց բաժին անհրաժեշտ քայլերը,

առավել եւս, որ դրա համար կարող են գտնել շահառուներ, օրինակ ապրիլյան պատերազմում անհաջողության մատնված որոշ արտաքին շրջանակներում՝ Բաքվում, Մոսկվայում․․․

Իրատեսակա՞ն է դա, թե ոչ: Նիկոլ Փաշինյանը գերագնահատու՞մ է վտանգը, չափազանցնու՞մ, թե՞ այն իսկապես կա, եւ վարչապետը փորձում է կանխարգելել․․․

Սակայն, ի՞նչ լուծում կարող է ունենալ հարցը այն շրջանակներում, որոնք իրենց համարում են վարչապետի խոսքի պոտենցիալ թիրախ: Կարող է լինել թերեւս պարզ լուծում․․․

Նրանք կարող են հայտարարել, որ անկախ ներքին հարցերում Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած տարաձայնությունից, անկախ անգամ ամենաթեժ դիմակայությունից, հեղափոխությունից ու հակահեղափոխությունից, անկախ քրեական մեղադրանքներից եւ դատական դիմակայությունից, պատրաստ լինելով այդ ամենում պաշտպանվել բոլոր գորիքներով եւ մեթոդներով,

Հայաստանի եւ Արցախի հանդեպ որեւէ ոտնձգության, որեւէ ագրեսիայի, պատերազմի որեւէ փորձի դեպքում անհապաղ մի կողմ կդնեն ներքին տարաձայնությունն ու կկանգնեն իշխանության, Գերագույն Գլխավոր հրամանատարի կողքին․․․

Կանե՞ն այդպիսի հայտարարություն քաղաքական կամ այսպես ասած հասարակական-քաղաքական այն ուժերը, որոնք ներկայացնում են նախկին համակարգը, թեկուզ նոր դեմքերով, որոնք ներկայանում են կոշտ ընդդիմադիր դիրքերից․․․

Օրինակ, Սերժ Սարգսյանի իշխանության հետ դիմակայությունում այդօրինակ հայտարարություն մի քանի անգամ արել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հատկապես երբ իշխանական շրջանակները նրան մեղադրել են հակառակորդի ջրաղացի տրամաբանությամբ․․․

Կանի՞ ներկայիս ընդդիմությունն իր լիդերներով այդպիսի հայտարարություն, այդպիսով մի կողմից աջակցելով ԳԳՀ-ին պետական անվտանգային առացքային հարցում եւ միաժամանակ որոշակի պատասխանատվության նշաձող բարձացնելով նրա առաջ, մյուս կողմից նաեւ իր համար բացելով ներքաղաքական խաղի ավելի մեծ տարածություն․․․

Առայժմ տեղի է ունենում հակառակը, ընդ որում դեռեւս վարչապետի ելույթից էլ ամիսներ առաջ, երբ տարբեր տեղեկատվական խողովակներով ու դեմքերով ազդարարվում է, թե նա միտումնավոր թուլացնում է բանակը, որ հող հանձնի․․․

Արդյոք դա չէ առնվազն հնարավոր դավադրությունը, որի պատասխանատվությունն ավանսով ամիսներ շարունակ գլորվում է վարչապետի վրա․․․

Закрыть меню