Վարչապետը դնում է ՌԴ ռազմակայանի հարցը. Ինչ է կատարվել — MediaInfo.am
Վարչապետը դնում է ՌԴ ռազմակայանի հարցը. Ինչ է կատարվել

Վարչապետը դնում է ՌԴ ռազմակայանի հարցը. Ինչ է կատարվել

Lragir.am-ը գրում է․

Ապրիլի 5-ին այցելելով Գյումրի, վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է նաեւ Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանում, ծանոթացել ռազմակայանում ծառայողների համար առկա պայմաններին, գրառում արել պատվավոր հյուրերի մատյանում, եղել ռազմակայանի ներսում գործող եկեղեցում․․․

Նիկոլ Փաշինյանը չի արել որեւէ քաղաքական հայտարարություն, թեեւ ռազմակայան այցն ինքնին կարծես թե քաղաքական է, առավել եւս հաշվի առնելով մի քանի հանգամանք․․․

Նախ, Հայաստանի քաղաքական ղեկավարության առաջին դեմքը կարծես թե առաջին անգամ է ռուսական ռազմակայան այցելում առանց ՌԴ նախագահի ուղեկցության․․․

Արդյոք այդ հանգամանքն ունի դիտարկման արժանի տարր: Խնդիրը անշուշտ հանգում է ռեգիոնալ քաղաքականության շերտերի, միաժամանակ շոշափելով նաեւ ռազմակայանի հետ կապված հայտնի քրեա-իրավական պատմությունները,

որոնցից ամենավերջինը գյումրեցի կնոջ դաժան սպանությունն էր, որի համար մեղադրվում է ռազմակայանի զինծառայողներից մեկը․․․

Ընդ որում, այստեղ կա հայտնի խնդիրը՝ մեղադրյալը պահվում է ռազմակայանում եւ չի արտահանձնվում հայկական կողմին: Սա էլ իր հերթին շոշափում է ընդհանրապես իրավա-պայմանագրային դաշտի խնդիրը, որ առկա է Հայաստանում ռուսական ռազմակայանի առկայության առումով․․․

Իսկ ռազմակայանի առկայության այսպես ասած քաղաքական պայմանագրային հիմքը ռուս-թուրքական հայտնի մոսկովյան պայմանագիրն է, որի մեկդարյա տարելիցը կլրանա 2021 թվականին․․․

Հայաստանում ռուսական ռազմակայանն այդպիսով գործնականում հայկական շահի, արժանապատվության, ինքնիշխանության ոտնահարման մի բաց վերք է, ընդ որում երբեմն բառի բուն եւ անգամ Հայաստանի քաղաքացիների համար մահացու իմաստով․․․

Միեւնույն ժամանակ, հասկանալի է, որ լուծում պահանջող խնդիրները չափազանց բարդ են: Այդ իմաստով հիշատակման է արժանի անգամ Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլիի օրեր առաջ արած հայտարարությունը,

թե պատրաստ էր ՌԴ հետ պայմանավորվել Վրաստանում ռուսական ռազմակայանները պահպանելու հարցում՝ Վրաստանի տարածքային ամբողջության վերականգնման դիմաց: Սահակաշվիլին խոսում էր ռազմակայանի դուրսբերման բարդությունների մասին․․․

Այդ բարդությունները բազմակի են Հայաստանի հարցում: Դրանով հանդերձ, հաշվի առնելով ռազմա-քաղաքական մի շարք իրողություններ, Հայաստանի համար տեսանելի ապագայում բուն խնդիրը գուցե ոչ այնքան Հայաստանի տարածքից ռուսական ռազմակայանի դուրսբերումն է,

այլ ռազմակայանի առկայությունը ռուս-թուրքական պայմանագրի եւ Հայաստանի հանդեպ Ռուսաստանի վերադասության տրամաբանությունից դուրս բերելն ու դաշնակցային իրավահավասար տրամաբանության ենթարկելը․․․

Այստեղ նույնիսկ կարող է հարց առաջանալ, թե որն է Ռուսաստանի համար ավելի ընդունելի՝ դուրս գալը, թե այդ տրամաբանության մեջ տեղավորվելը․․․

Ռուսաստանի մոտեցումն ընդհանրապես կախված է այն հանգամանքից, թե ինչպիսի ընթացք է ստանալու այդ պետության բարդ ճակատագիրը: Ակնառու է, որ ժամանակի մեջ ռազմակայանի առկա տրամաբանությունը Մոսկվայի համար դառնում է ավելի ու ավելի անպետք եւ ոչ արդիական․․․

Դա ստեղծում է նախադրյալ, որպեսզի Հայաստանը աշխատի Մոսկվայի հետ նոր տրամաբանության շուրջ: Մյուս կողմից, այդ հանգամանքն էլ իր հերթին ունի մեկ այլ ռիսկ․․․

Ռազմակայանի արդիականությունը վերականգնելու համար Մոսկվան կամ պետք է համակերպվի Հայաստանի հետ իրավահավասար, փոխադարձ ինքնիշխան հարաբերության մտքին, կամ հակվի Հայաստանի ինքնիշխանության դեմ ավելի ուժգին գրոհների որոշման․․․

Այստեղ սակայն էականն այն է, որ ներկայիս ռազմա-քաղաքական իրողությունները մի կողմից ավելացնում են Հայաստանի օրակարգի հնարավորությունը, մյուս կողմից նվազեցնում Ռուսաստանի ռեակցիոն կարողությունը․․․

Ավելին, առկա մարտահրավերները ձեւավորում են հեռանկարներ, որոնցում ռուսական պետականությունը ռուսական մնալու համար ունենալու է հայկական ինքնիշխան քաղաքականության անհրաժեշտությունը․․․

Սրանք իհարկե ռազմավարական հեռանկարի խնդիրներ են, որոնք սակայն պետք է նախ եւ առաջ պարբերական ուշադրության կենտրոնում լինեն հայկական օրակարգում, եւ հնարավոր տարբերակներով փորձ արվի գտնել այդ օրակարգի ռուսաստանյան գործընկերների․․․

Արդյոք Փաշինյանի այցը կարող էր լինել այդպիսի խորհրդանշական փորձ: Խորհրդանշական նաեւ այն նշաձողի իմաստով, որ հայ-ռուսական հարաբերության համար Փաշինյանը սահմանեց դեռեւս նախորդ տարի օգոստոսին արած հայտարարությամբ,

որտեղ Ռուսաստանի վրա դրեց պատերազմի զսպման ուղիղ պատասխանատվությունը, ինչը տողատակում անխուսափելիորեն շոշափում է նաեւ հենց Հայաստանում ՌԴ ռազմական ներկայության քաղաքական տրամաբանությունը․․․

Դրան զուգահեռ, Փաշինյանի միայնակ այցը ռազմակայան հատկանշական է դառնում Վիեննայի հանդիպումից հետո ստեղծված առանձնահատուկ իրավիճակում, եւ ՌԴ նախագահ Պուտինի հետ թե իր, թե Ալիեւի հեռախոսազրույցների ֆոնին․․․

Закрыть меню