Վերջին խոսքը մեզ է պատկանում․ Մոսկվան հակադարձել է Փաշինյանին

Վերջին խոսքը մեզ է պատկանում․ Մոսկվան հակադարձել է Փաշինյանին

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Մինսկի խմբի շրջանակներում իրականացվող բանակցություններին ԼՂ մասնակցության խնդրին։

«Լեռնային Ղարաբաղը որպես բանակցային կողմ ներգրավելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները մենք արդեն մեկնաբանել ենք: Դա այն հարցն է, որը պետք է որոշվի հակամարտող երկրների կողմից: Ժամանակին ԼՂ ներկայացուցիչները մասնակցել են բանակցություններին, սակայն ձևաչափը փոխվել է, և բանակցություններն արդեն շատ տարիներ տանում են միայն Հայաստանն ու Ադրբեջանը: Իհարկե, մենք ելնում ենք այն իրողություններից, որ բանակցային գործընթացում Հայաստանը հաշվի է առնում ԼՂ մոտեցումները: Բանակցային ձևաչափը փոխելու համար պետք է երկու կողմերի համաձայնությունը, որն այս պահին չկա»,- ասել է Լավրովը:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի դիրքորոշումը, իհարկե, բազմաշերտ է ու ցանկության դեպքում այն կարելի է տարբեր կերպ մեկնաբանել։ Օրինակ՝ մեծ ցանկության դեպքում կարելի է արձանագրել, որ Մոսկվան դեմ չէ Երևանի դիրքորոշմանը՝ հասկացնելով, որ գնդակը Բաքվի դաշտում է։

Սակայն Ռուսաստանի ԱԳ նախարարի ասածը այդ տրամաբանությանը չի ենթարկվում՝ առնվազն մի քանի պատճառով։
Բանն այն է, որ Լավրովն ակնարկում է, թե բանակցային գործընթացում Հայաստանը ներկայացնում է նաև Արցախին՝ դրանով իսկ ձևախեղելով ԼՂ խնդրի էությունը, մի բան, որը հղի է շատ վտանգավոր հետևանքներով, Արցախի սուբյեկտության մերժման ռիսկերով։ Այս հարթության վրա բավականին ադեկվատ է Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը, թե ինքը չունի Արցախի ժողովրդին ներկայացնելու մանդատ։

Ուշագրավ է, որ Լավրովը, ըստ էության, մերժում է բանակցություններին Արցախի մասնակցության առաջարկությունը՝ հետաքրքիր մի իրադարձության համատեքստում։ Օրերս, տարածաշրջանային այցի շրջանակներում, ֆրանսիացի ու ամերիկացի համանախագահները Ստեփանակերտ էին ժամանել՝ առանց Ռուսաստանը ներկայացնող համանախագահ Պոպովի։ Իհարկե, այս փաստը մեխանիկորեն չի ենթադրում, թե Փարիզն ու Վաշինգտոնը կողմ են բանակցային գործընթաց պաշտոնական Ստեփանակերտի վերադարձին։ Ամենայն հավանականությամբ՝ նրանց ևս չի խանդավառում Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, սակայն, ի տարբերություն Ռուսաստանի, արևմտյան միջնորդները գերադասում են Երևանի առաջարկությունը հրապարակավ չմերժել։

Եվ վերջապես, Ռուսաստանի արտգործնախարարն այսօր ԼՂ հարցով հանդես է եկել մեկ այլ ուշագրավ հայտարարությամբ։ Նա ասել է, թե Մոսկվան ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում շփումները ակտիվացնելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության պայմանավորվածությունը, բայց միաժամանակ նշել է, որ մինչև Հայաստանի ներքաղաքական բուռն գործընթացների ավարտը դժվար թե հնարավոր է լրջորեն զբաղվել այդ հարցով:

«Քանի դեռ Հայաստանում չեն ավարտվել ներքաղաքական բավականին բուռն գործընթացները, դժվար թե հնարավոր լինի լրջորեն դիտարկել կոնկրետ տարբերակներ ճգնաժամից դուրս գալու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը լիարժեքորեն ապահովելու համար»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Լավրովը նրբանկատորեն ակնարկում է, թե Հայաստանի ներքաղաքական իրավիճակն է բանակցային գործընթացի արգելափակման հիմնական պատճառը՝ փաստորեն Բաքվի վրայից հանելով Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները չկատարելու պատասխանատվությունը։
Ռուսաստանի ԱԳ նախարարն անուղղակիորեն զարգացնում է ռուսական ԶԼՄ-ներում այս օրերին ակտիվորեն շրջանառվող այն վարկածը, թե իբր Փաշինյանը միտումնավոր է առաջ քաշում բանակցություններին ԼՂՀ մասնակցության հարցը՝ բանակցային գործընթացը չվերսկսելու նպատակով։

Եթե ամփոփենք Ռուսաստանի ԱԳ նախարարի դիրքորոշումը, ապա պետք է արձանագրենք, որ Մոսկվան, ըստ էության, անիրական է համարում Փաշինյանի ղարաբաղյան օրակարգը, միևնույն ժամանակ ակնարկելով, թե այս պահին հնարավոր չի համարում բանակցային գործընթացի ակտիվացումը։ Լավրովի այս պատասխանը, ըստ էության, նուրբ ակնարկ է նաև ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի վերջին հայտարարություններին, որոնք ենթադրում էին որոշակի ակտիվ զարգացումներ նաև ԼՂ խնդրի շուրջ։ Մոսկվան ակնարկում է, թե հակված չէ ստատուս-քվոյի վերանայմանը՝ հասկացնելով, թե իրեն է պատկանում վերջին խոսքը տարածաշրջանում։

Закрыть меню