Տաթևի համայնքապետը անօրինական աճուրդ է կազմակերպել և համայնքի գույքը գրանցել որդու անունով — MediaInfo.am
Տաթևի համայնքապետը անօրինական աճուրդ է կազմակերպել և համայնքի գույքը գրանցել որդու անունով

Տաթևի համայնքապետը անօրինական աճուրդ է կազմակերպել և համայնքի գույքը գրանցել որդու անունով

ArmDay.am-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը չարաշահել է պաշտոնեական դիրքը: Նա համայնքին պատկանող գույքը գրանցել է որդու անունով,որի հետ կապված բավականին շատ ապօրինություններ են բացահայտվել: Հնարավոր է՝ քրեական գործ հարուցվի համայնքապետի նկատմամբ:

Մեր տեղեկություններով՝ Մուրադ Սիմոնյանի նկատմաբ նաև քրեական այլ գործեր են քննվում:

Համայնքապետի անօրինական գործողություններից մեկի մասին Փաստաբանական պալատի, «Խաչատուրով» փաստաբանական գրասենյակի փաստաբան Գայանե Պապոյանը ArmDay.am-ին մանրամասներ է հայտնել:

Փաստաբանի խոսքով՝ 2004 թվականից սկսած՝ Գենյա և Միսակ Մարտիրոսյանները Սյունիքի մարզի Տաթև գյուղական համայնքի Կենցաղի շենքի նկուղում առևտուր են կազմակերպել և կատարել են հարկային և այլ պարտադիր վճարումները:

Միսակ Մարտիրոսյանը մի քանի անգամ դիմել է համայնքապետ Մուրադ Սիմոնյանին տարածքը սեփականաշնորհելու համար ՝ առաջարկելով աճուրդ կազմակերպելու դեպքում իրենց ևս տեղյակ պահել:

Մինչև 2017 թվականը Մարտիրոսյանները անընդհատ հիշեցրել են, որ ցանկանում են սեփականաշնորհել այդ տարածքը,սակայն Մուրադ Սիմոնյանը տարբեր պատճառաբանություններ է ներկայացրել և նշել հատկապես, որ այդ տարածքը հնարավոր չէ սեփականաշնորհել, քանի որ այն համայնքի գույք է և պետք է մնա համայնքին:

«2017 թվականին, Միսակ և Գենյա Մարտիրոսյանները պարզել են, որ այդ տարածքները դեռևս 2011 թվականից պատկանում է համայնքի ղեկավարի որդուն՝ Վոլոդյա Սիմոնյանին: Մուրադ Սիմոնյանը 2017թվականին օգոստոս ամսին սկսել է տվյալ տարածքում քանդման աշխատանքներ իրականացնել և հայտարարել, որ տարածքն իրենց է պատկանում և պետք է ազատել այն մեկ շաբաթվա ընթացքում:

Ոստիկանության պահանջով՝ նրանք սեփականության վկայական են ցույց տվել և Մարտիրոսյանները ստիպված ազատել են տարածքը: Կադաստրային հարցման արդյունքում պարզվել է, որ 2011 թվականի աճուրդ է կազմակերպել Կենցաղի շենքի նկուղի հետ կապված և հաղթող է ճանաչվել համայնքապետի որդին»,-ասաց Պապոյանը:

Տեղացիները պնդում են, որ համայնքում աճուրդի մասին որևէ հայտարարություն չի եղել, հետաքրքրվողներ եղել են, սական Մուրադ Սիմոնյանը երբեք չի հայտնել, որ աճուրդն արդեն եղել է և տարածքը սեփականատեր ունի:

Փաստաբան Պապոյանը նշեց, որ համապատասխան փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո ակնհայտ է դարձել, որ անհամապատախանություն կա Վոլոդյա Սիմոնյանի ստորագրությունների միջև:

Գույքը աճուրդի հանձելու որոշումը ավագանու որոշմամբ է իրականացվել, սակայն ավագանու 4 անդամը ստորագրել են այդ որոշումը: Ավագանու անդամներից երկուսը հայտնել են, որ իրենք այդ որոշման տակ չեն ստորագրել:

Նշենք, որ համաձայն Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի՝ սակարկություններին չեն կարող մասնակցել համայքնապետի երեխաները, հարազատները և այլն, ուստի Վոլոդյա Սիմոնյանը իրավունք չուներ մասնակցել աճուրդին:

Փաստաբանը գրեթե վստահ է,որ աճուրդ տեղի չի ունեցել և այս ամենը կազմակերպված է:

Գենյա Մարտիրոսյանը դեպքի հետ կապված հաղորդում է ներկայացրել Սյունիքի մարզի դատախազին:

«Մուրադ Սիմոնյանը իր պատշոնեական դիրքը չարաշահել է ոչ միայն այդ դեպքով, այլ առահասարակ, իր պաշտոնավարման ընթացքում: Խնդրել ենք, որ բոլոր աճուրդային գործերը վերանայեն: Ներկա պահին Ոստիկանության Գորիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ակնկալում ենք, որ քրեական գործ հարուցվելու է»,-ասաց փատաբանը:

ArmDay.am-ը փորձեց կապ հաստատել նաև Տաթևի համայնքապետի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:

Закрыть меню