Փաշինյանի անսպասելի հայտարարությունը — MediaInfo.am
Փաշինյանի անսպասելի հայտարարությունը

Փաշինյանի անսպասելի հայտարարությունը

Lragir.am-ը գրում է․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին լրագրողները հարցրել են ռուսական պետական հեռուստաընկերություններով հակահայկական քարոզչության, կառավարության հանդեպ վերաբերմունքի մասին, մասնավորապես՝ կապված Ռոբերտ Քոչարյանի գործի հետ․․․

Լրագրողների հարցին, թե ինքն ասում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալ են, բայց փաստորեն ռուսական հեռուստաալիքներով նման քարզչություն է իրականացվում, Փաշինյանը պատասխանել է.

«Կարծում եմ՝ հարաբերությունների նորմալ լինելը հենց դա էլ նշանակում է, որ հարաբերությունները նորմալ են, բայց ռուսական հեռուստաալիքները մեղադրում են ինչ-որ բանի մեջ․․․

Ես կարող եմ ասել, որ ինչպես հայաստանյան լրատվամիջոցներն են ազատ, այնպես էլ ռուսական լրատվամիջոցներն են ազատ: Չնայած հիմա կարծիքներ կան, որ պետք չէ օտարերկրյա լրատվամիջոցները Հայաստանում լինեն նույնքան ազատ, ինչքան հայաստանյան լրատվամիջոցները․․․

Կարծում եմ, որ յուրաքանչյուր պետություն, յուրաքանչյուր հեռուստաընկերություն, նաև հեռարձակողները պետք է շատ հստակ գիտակցեն, որ եթե մենք այլ երկրի տարածքում հեռարձակվում ենք, դա որոշակի կոռեկտության սահմաններ է ենթադրում, որը պետք է պահպանվի»․․․

Ռուսական թե պետական, թե այսպես կոչված «անկախ» ԶԼՄ-ներով հակահայկական քարոզչությունը չի դադարում, նույնիսկ այն բանից հետո, երբ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն այդ հարցով Մոսկվայում հանդիպեց Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հետ․․․

Ռուսական խոշոր ԶԼՄ-ները գտնվում են հենց Պեսկովի համակարգման տակ, նա է Կրեմլից իջեցնում մամուլի թեմաներն ու քարոզչության ուղղությունները․․․

Այս համատեքստում, վարչապետի հայտարարությունը, թե ինչպես հայաստանյան լրատվամիջոցներն են ազատ, այնպես էլ ռուսական լրատվամիջոցներն են ազատ, մի կողմից օրինաչափ է՝ նկատի առնելով ազատ արտահայտվելու իրավունքն ու հնարավորությունը, մյուս կողմից ենթադրում է որոշակի շերտեր, որոնք առնչվում են ԶԼՄ-ների հարցում պետական քաղաքականությանը․․․

Թե որքանով են ազատ ռուսական լրատվամիջոցները, թերեւս գաղտնիք չէ ոչ մեկի համար: Մյուս կողմից, հետաքրքիր է նրանց հետ հայկական ԶԼՄ-ների ազատության համեմատությունը, որ արել է վարչապետը, նկատի առնելով նաեւ նրա ավելի վաղ արած այն հայտարարությունը, որ հայկական ԶԼՄ-ների 90 տոկոսը գտնվում է նախկին վարչակարգի վերահսկողության տակ․․․

Այս ոլորտի փորձագետները, լրագրողական կազմակերպությունները արձանագրում են, որ երբեւէ Հայաստանում ոչ իշխանական, կամ իշխանությանն ընդդիմադիր խմբերը այսքան ԶԼՄ-ներ չեն ունեցել, առավել եւս՝ հեռուստաընկերություններ: Դա տեղի է ունեցել այսպես ասած մեխանիկորեն՝ այդ խմբերը պարզապես շարունակում են պահպանել վերահսկողությունը․․․

Սակայն սա չէ խնդիրը, այլ ավելի լայն՝ այդ ԶԼՄ-ների ներկայիս վիճակը քարոզչության բնույթի տեսակետից: Իր համեմատությամբ վարչապետը փաստացի ակնարկում է, որ այն չի տարբերվում ռուսական պետական ԶԼՄ-ներից, մասնավորապես Հայաստանի ուղղությամբ քարոզչության պլանում․․․

Խոշոր հաշվով, այդ քարոզչության թիրախը Հայաստանի սուբյեկտությունն է ներքին ու արտաքին խնդիրներում, հեղափոխության «արգելակումը»․․․

Այստեղ իսկապես կան զուգահեռներ ու նմանություններ: Բավական է հիշել միայն ղարաբաղյան թեման, եւ հատկապես Հայաստանում ծավալված աղմուկը տարածքները հանձնելու հարցում․․․

Ընդ որում, դա արվում էր հենց ռուսական «աղբյուրներին» հղումներով, համեմելով անհեթեթ, երբեմն զավեշտալի հիմնավորումներով: Նույն վիճակն է տարբեր այլ հարցերում, եւ ինչպես նշում են ոլորտի փորձագետները, կառավարության դեմ խոշոր հաշվով քայքայիչ աշխատանք է տարվում․․․

Մյուս կողմից, բաց է մնում այս ոլորտում պետական քաղաքականության խնդիրը, եւ առայժմ չի երեւում, որ կառավարությունը քայլեր է անում այս ուղղությամբ․․․

Խնդիրն առնչվում է պետության տեղեկատվության անվտանգությանը, եւ այն հնարավոր չէ լուծել իրավիճակային քայլերով՝ ֆեյքեր հայտնաբերելով կամ այլ բարձրաձայնվող միջոցներով․․․

Արմատական քայլեր են պետք ոլորտը առողջացնելու եւ հայկական ԶԼՄ-ները ներկայիս ցավալի ու նվաստ վիճակից հանելու համար․․․

Ինչ վերաբերվում է ռուսական ԶԼՄ-ների խնդրին, ապա կառավարությունը կարող է Մոսկվայի առաջ դնել Ռուսաստանում հայկական համարժեք հեռարձակողի խնդիրը, Հայաստանում ռուսական հեռարձակողների գործունեության դիմաց․․․

Закрыть меню